Գյուտարար-պայծառատեսը «ձեռնոց է նետում» Գագիկ Սուրենյանին
Գյուտարար-պայծառատես, ինժեներ Գագիկ Ալավերդյանը սենսացիոն բացահայտումներ է անում: Նա կանխատեսում է եղանակը, անոմալ երևույթները և նույնիսկ քաղաքական իրադարձությունները:
Պարբերաբար ասուլիսներով հանդես եկող գյուտարարն այս անգամ լրագրողներին ներկայացրել է մեխանիզմ, որով հնարավոր կլինի դանդաղեցնել Երկիր մոլորակի գլոբալ տաքացումը: Իհարկե, գիտնականը լրագրողներին ներկայացրեց, թե ինչ է կատարվել անցած մի քանի տարում և ինչ վիճակում է Երկիր մոլորակը գլոբալ տաքացման հետևանքով:
Ալավերդյանի խոսքով` եթե իրեն հատկացնեն 8 մլրդ եվրո, ինքը կարող է կանգնեցնել գլոբալ տաքացումը, իսկ դրա համար իրականացնելու է կանխատեսումներ, ուսումնասիրություններ է կատարելու, ինչպես նաև ցանկանում է պայքարել գլոբալ տաքացման դեմ:
«Ես կարող եմ ասել, որ առաջիկայում ոչ թե 40+ ջերմաստճան կլինի, այլ կարող է 50+ ջերմաստիճան լինել: Իմ ասած թվերը ոչ թե տևելու են 1-2 օր, այլ տասնյակ օրեր»,- ասել է գյուտարարը:
Գյուտարար-պայծառատեսը նաև «ձեռնոց նետեց» ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանին՝ ասելով, որ Սուրենյանը ընդամենը կարողանում է կանխատեսել 3-5 օր, իսկ ինքը մեկ ամսից ավելի հստակ կանխատեսում կարող է անել:
«Ինքը 3-5 օր կարա ասի, իսկ ես 1-2 ամիս ճշգրտությամբ եղանակ կարող եմ ասել»,- հայտարարել է բանախոսը: