Արդյո՞ք կոռուպցիա չէ զարմիկին, սանիկին պաշտոնի նշանակելը․ գլխավոր դատախազը պատասխանեց պատգամավորի մեղադրանքին (տեսանյութ)
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը ԱԺ նիստում` մտքերի փոխանակման ժամանակ, խոսել էր գլխավոր դատախազի սանիկ դատախազների, նրա առանձնատան, առանձին վերելակով դեպի իր աշխատասենյակ գնալու հարմարավետության մասին:
Դատախազը նիստի ընթացքում ժամանակ չունեցավ դրանց անդրադառնալու: Այդ մասին նա խոսեց լրագրողների հետ զրույցում:
«Նախ` թվարկված անձինք բոլորը չեն, որ հետս բարեկամական կապի մեջ են, բայց ես դա չեմ կարևորում: Այո´, ես համակարգում ունեմ բազում ընկերներ՝ սկսած ուսանողական տարիներից, մարդիկ, որոնց հետ ուսանող ժամանակներից կարող ենք նաև, այո,, քավոր-սանիկ հարաբերություն ձևավորել, դա ինձ համար շատ պատվավոր է, սուրբ հարաբերություններ են՝ մեր ավանդույթներով ձևավորված: Բայց այստեղ ո՞րն է ինձ համար էականը` ո´չ այդ մարդկանց որևէ պաշտոնական առաջխաղացման, ո´չ պարտականությունների կատարման ծավալի վրա դա ազդեցություն չի ունեցել»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Շիրակի մարզի դատախազը ևս Արթուր Դավթյանի սանիկն է, նա չհերքեց.
«Այո´, նաև Շիրակի մարզի դատախազը, նաև Արարատի մարզի դատախազը, բայց ասում եմ՝ ազդեցություն չի ունեցել, նրանք չեն նշանակվել այդ գործոնով, բայց ազդեցություն վստահորեն ունեցել են հետևյալ կերպ՝ էդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր աշխատել, էդ մարդիկ մյուսներից ավելի շատ են պարտավոր բարեխիղճ աշխատել»։