Նոր գործ է հարուցվել1996թ․ ընտրություններում հանցավոր դրսևորումների մասով
Ազգային ժողովում Գլխավոր դատախազության հաղորդման քննարկման ժամանակ պատգամավորներից Հայկ Կոնջորյանը նշեց, որ հիմա չարաշահումների գործերի մեծ մասով քննվում են նախկին իշխանավորների հետ կապված դեպքեր։ Պատգամավորը դատախազին հարցրեց՝ լինո՞ւմ է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչները դատախազին խնդրեն ավելի մեղմ վարվել։ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ իրենց ոչ ներկա, ոչ նախկին իշխանությունները վաղուց ոչինչ չեն խնդրում։
«Որովհետև մարդիկ իմացել են, որ երբ ինձ խնդրում են, որպես կանոն, դա հակառակ էֆեկտ է ունենում։ Որ պահին ինքս իմ մեջ բարոյական արգելք տեսնեմ, ես բարոյական չեմ համարի իմ պաշտոնավարումը շարունակելը, որևէ խոչընդոտ չունեմ», – ասաց դատախազը։
Ինչ վերաբերում է նախկինում կատարաված մասնավորապես ընտրական հանցագործություններին, դատախազն ասաց, որ ներկայում ունեն 2017 թվականի ընտրությունների վերաբերյալ գործ, իսկ վերջերս էլ նոր գործ է հարուցվել 1996 թվականի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած առանձին հանցագործությունների մասով։ Նրա խոսքով՝ ցանկացած ժամանակվա ընտրական գործընթացների մասով տեղեկություններ ունենալու դեպքում կհարուցեն նոր գործեր։