Արթուր Դավթյանը նախկին իշխանությունների օրոք կաշկանդվածություն չի ունեցել
Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության հաշվետվությունը քննարկելիս պատգամավորներից Վաղարշակ Հակոբյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին խնդրեց անկեղծորեն ասել՝ նախկին իշխանությունների օրոք կաշկանդված եղե՞լ է, թե՞ ոչ։ Դավթյանը պատասխանեց՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։
Ապա դատախազը պարզաբաննեց, թե այդ դեպքում ինչու նախկինում նույն թափով և նույն քանակով չէին քննվում կոռուպցիոն գործեր։ Դատախազն ասաց, որ առաջին պատճառը քաղաքացիների ակտիվության աճն է եղել․ 3,6 անգամ աճել են կոռուպցիոն հանցագործությունների մասին քաղաքացիների հաղորդումները։ Երկրորդ պատճառը, ըստ Դավթյանի, այն է, որ գործադիր իշխանությունը նույնպես նախաձեռնողական է եղել։
Այդպիսի հանցագործությունների բացահայտման ժամանակ, ըստ Դավթյանի, իրավապահները հետաքննում են նաև հափշտակված գումարների շարժերը, և եթե կարիք կա, արգելանք են դնում նույնիսկ արտերկրում գտնվող գույքի ու բանկային հաշիվների վրա՝ հետագայում հափշտակված գումարները վերադարձնելու նպատակով։
Պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանելիս Դավթյանն ավելացրեց, որ այսպիսի հանցագործությունների բացահայտմանը զուգահեռ հարուցվում են նաև փողերի լվացման հատկանիշներով գործեր այն դեպքերում, երբ չարաշահումներով ստացած գումարն այդ մարդիկ փորձում են օրինականացնել զարտուղի ճանապարհներով։