Մարուքյանը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի և Հայաստանի հանդեպ խտրականության մասին
Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ
Հարեւանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում
սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը:
Հայաստանյան փորձագիտական շրջանակները լուրջ անհանգստություն ունեն, որ
համաձայնագրի պրեամբուլայում չեն նշվի ղարաբաղյան խնդրին առնչվող
հելսինկյան 3 կարեւորագույն սկզբունքները, ինչն առկա է Հայաստանի հետ
կնքված համաձայնագրում։
ԱԺ ուժերից «Լուսավոր Հայաստանն» ունի՞ նման մտահոգություն, Դուք այդ
կողմերում «կռված» եք՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։ «Որքանով որ ինձ է
հասանելի, որքանով ես հետեւում եմ այդ գործընթացին` կարծում եմ, որ մեր
ԱԳՆ-ն, բրյուսելյան դեսպանատունը, դիվանագիտական կորպուսը պետք է որ
լրջագույն աշխատանք տարած լինեն, որ համաձայնագրերում Արցախին վերաբերող
դրույթները չտարբերվեն, իսկ թե վերջնական տարբերակում տարբերվում են, թե
ոչ` ինֆորմացիայի չեմ տիրապետում»: Կարծում եք, որ նման աշխատանքներ
տարվե՞լ են հայկական կողմից, որովհետեւ ձայն-ծպտուն այդ առնչությամբ չկա։
«Հիմնականում նման աշխատանքները լուռ են տարվում»: Իսկ եթե իրականանան
փորձագետների կասկածները… «Հույս ունեմ, որ այդպես չի լինի, հակառակ
դեպքում դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն»: Իսկ
ԼՀԿ-ն համաձա՞յն է ռուս փորձագետների հետ, որ Փաշինյանն «ամերիկամետ» է։
«Նիկոլ Փաշինյանը պրոհայկական գործիչ է. ո՛չ ամերիկամետ է, ո՛չ ռուսամետ»։