Հայաստանի և Արցախի ԱԺ նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերը
Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եռատոնի առթիվ Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հնարապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին:
Արցախի խորհրդարանի ղեկավարը տոնի կապակցությամբ շնորհավորել է Արարատ Միրզոյանին եւ նրա գլխավորությամբ՝ ՀՀ ԱԺ գործընկերներին եւ ընգծել այս օրերին ՀՀ խորհրդարանական պատվիրակության այցի կարեւորությունը: Խոսելով օրվա խորհրդի մասին՝ Արցախի խորհրդարանի նախագահը նշել է, որ Շուշիի հաղթանակը նոր արժեք է տվել Հայրենական պատերազմում տարած հաղթանակին: Այդ համատեքստում Աշոտ Ղուլյանը շեշտել է արժեքները սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորել է համայն հայությանը եռատոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայրենական պատերազմում հաղթանակ տարած հայրենակիցների ավանդը եւ Շուշիի ազատագրման ու Արցախի բանակի կազմավորման նշանակությունը հայկական նորագույն պատմության մեջ:
Հանդիպմանը երկու խորհրդարանների ղեկավարները քննարկել են Երեւանում առաջիկայում կայանալիք ՀՀ ԱԺ–ԱՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի օրակարգային եւ ընթացակարգային հարցեր: