ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը չբացառեց ՀՅԴ-ի հնարավոր համագործակցությունը Քոչարյանի հետ
Մենք մեր օրակարգի շուրջ պատրաստ ենք համագործակել բոլորի հետ, բայց դա պետք է լինի մեր առաջ քաշած հարցերի շուրջ: Այդ մասին այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը, պատասխանելով հարցերին, թե հնարավոր է ՀՅԴ-ի համագործակցությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
«Եվ անվստահության, եւ ընդդիմադիր բլոկ ձեւավորելու մասին որեւէ մեկի հետ քննարկում չենք ունեցել: Մենք մեր օրակարգի շուրջ պատրաստ ենք համագործակել բոլորի հետ, բայց դա պետք է լինի մեր առաջ քաշած հարցերի շուրջ: Այս պահին մեր առջեւ խնդիր չենք դրել Ռոբերտ Քոչարյանի կամ մեկ ուրիշի հետ համագործակցելու կամ չհամագործակցելու»:
Նա նշեց, որ Դաշնակցության համար կարևորը օրակարգն է և ոչ թե անձինք:
Հարցին, թե ինչպես է մեկնաբանում մամուլում տեղ գտած հրապարակումնրը, որ դեկտեմբերին ՀՅԴ մտադիր է անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանի կառավարությանը՝ Սաղաթելյանը նշեց. «Մենք մարտահրավեր չենք նետում իշխանությանը, մենք խնդիր չենք դրել, որ այս իշխանությունը ձախողվի, քանի որ իշխանության ձախողումը նաեւ մեր երկրի ձախողումն է: Բայց որպես արտախորհրդարանական ընդդիմություն քննադատելու ենք իշխանությանն իր սխալների համար, քննադատելու ենք փաստարկված, հիմնավորված եւ առանց հայհոյանքի»: