Միանշանակ է, որ բանակում համակարգային կոռուպցիա է եղել. Սանասարյան
Միանշանակ է, որ բանակում համակարգային կոռուպցիա է եղել: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում նշեց Պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են) Դավիթ Սանասարյանը:
Հարցին, թե ի վերջո, արդյոք բանակը թալանվե՞լ է, եթե եղել են բանակը թալանող պաշտոնյաներ, ինչու քրգործ չի հարոցվել այդ թալանողների դեմ, Սանասարյանը պատասխանեց. «Ես չեմ դրա պատասխան տվողը, բայց որ համակարգային կոռուպցիա է եղել, դա միանշանակ է: ՊՆ-ի բոլոր սպաները պետք է ամեն ինչ անեն, որ մենք մեր նահատակներին արժանի լինենք եւ որեւէ ձեւով չի կարելի գալ խոնարհվել նրանց հիշատակի առաջ ու անել հակառակը»:
Սանասարյանը պնդեց, որ հիասթափված չէ, որ հեղափոխությունից մեկ տարի անց հայտնվել է մեղադրյալ կարգավիճակում. «Հասուն տարիքս անցել է պրոբլեմներով լի ճանապարհով եւ երբեւէ փոշմանելու առիթ չեմ ունեցել: ես իմ քայլերը չեմ անում, որ որեւէ պաշտոն ստանամ: Կունենամ պաշտոն՝ կծառայեմ հայրենիքիս, չեմ ունենա նորից կծառայեմ իմ գործունեությամբ»:
Դիտարկմանը, որ այսօր պաշտոն են ստանում հեղափոխության ժամանակ քայլածները, Սանասարյանն արձագանքեց. «Շատերը կան, որ չեն քայլել, բայց պաշտոն են ստացել: Այդ սկզբունքով չի եղել այդ ամենը: Դրանք մարդիկ, որոնք լուրջ մասնակցություն են ունեցել հեղափոխությանը, մարդիկ, որոնք լուրջ պրոֆեսիոնալներ են իրենց ներկա գործով, հայրենիքին են ծառայում»:
Նրա խոսքով, մեկ տարում լուրջ փոփոխություններ են եղել. «Այո, ես փոփոխություններ տեսնում եմ, ամենակարեւորը, որ համակարգային կոռուպցիա չկա, դա ամենաուժեղ հիմքն է, որ մենք կարող ենք ունենալ ուժեղ Հայաստան»: