Որպես իշխանության ներկայացուցիչ, ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը. Ալեն Սիմոնյան
«Որպես իշխանության ներկայացուցիչ, ես միայն ուրախ եմ, որ իշխանության այլընտրանք փորձում է դառնալ Ռոբերտ Քոչարյանը, որովհետև շատ լավ գիտեք մարդկանց վերաբերմունքը, ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել, ոչ մի արարք չի մոռացվել և բոլորս ապրել, տեսել ենք մարտի 1-եր և մնացած այն ամենը, ինչը սև էջերով է մնացել հայոց պատմության մեջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի՝ ընդդիմությանը միանալու մասին հայտարարությանը:
Լրագրողները հարցրեցին նաև Ալեն Սիմոնյանի կարծիքը մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո ընդդիմախոսների թերահավատության ու քննադատությունների մասին: Ալեն Սիմոնյանը կրկնեց վարչապետի խոսքերը.
«Հայ ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, հայ ժողովուրդը պահանջատեր է և վստահ եմ, որ հետագայում նույնպես պահանջատեր է լինելու, իսկ ընդդիմադիրներ միշտ էլ լինելու են: Չէր կարող չէ՞, որ չլինեին քննադատողներ, բայց դուք էլ լավ գիտեք, որ այդ ընդդիմության մի մասը նախկին ռեժիմի ներկայացուցիչներ են, մյուս մասը ֆինանսավորվում է այդ տեսակի ընդդիմություն լինելու համար: Մենք էլ ենք ընդդիմություն եղել, բայց մեզ դրա համար չեն վճարել, մենք դա արել ենք ազնիվ, անկեղծ, երևի դրա համար էլ հաջողության ենք հասել»: