Մենք պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի. Սասուն Միքայելյան
Երկրապահը հայ ժողովրդի ծոցից է ծնվել, եւ արցախյան հաղթանակը ամբողջ հայ ժողովուրդն է տարել: Այս մասին այսօր՝ Երկրապահի օրը, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը։
«Այս հաղթանակը ամբողջ հայ ժողովրդինն է՝ մեկին բահ ա բաժին ընկել, մեկին՝ զենք, մեկին՝ գրիչ, մեկին՝ դաժան օրեր։ Այսօր հպարտ ենք բոլորս այս եռատոնի առթիվ։ Մենք պիտի կարողանանք միշտ լինենք համախմբված, միշտ լինենք պատրաստ պատերազմի։ Չեմ ուզում մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք պարտավոր ենք միշտ պատրաստ լինել պատերազմի, որովհետեւ շրջապատված ենք թշնամիներով»,- ասաց Միքայելյանը:
Միքայելյանը նշեց, որ նախկինում ունեցած բոլոր հաղթանակները ձեռք են բերվել համախմբվածության արդյունքում։
Հարցին՝ ինչ-որ սպասելիք կամ կանխազգացո՞ւմ ունի, Միքայելյանը պատասխանեց. «Կանխազգացում ես մի քանի տարի առաջ էլ եմ ունեցել, հիմա էլ ունեմ, վաղն էլ կունենամ: Եթե ուզում ես խաղաղություն պիտի պատրաստվես պատերազմի»: