«Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը». Arte.tv-ն անդրադարձել է մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը
Ֆրանսիական Arte.tv-ն «Հայաստան. Կովկասի Սիլիկոնյան հովիտը» խորագրով ռեպորտաժ է հրապարակել, որտեղ անդրադարձել է երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումներին և հնարավորություններին:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, տեսանյութում նշվում է, որ մեկ տարի առաջ Հայաստանը ապրել է թավշյա հեղափոխություն: «Իշխանության գալով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ ՏՏ ոլորտը լինելու է կառավարության առաջնահերթություններից մեկը: Այսօր ոլորտը ակնկալում է նոր կառավարության գործողություններն այդ ուղղությամբ»,- նշում է հեղինակը:
Տեսանյութում ներկայացվում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, որի ղեկավար Մարի Լու Փափազյանը ներկայացնում է կենտրոնի գործունեությունն ու ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
«Երկրում ՏՏ ոլորտը վերջին տարիներին աճում է տարեկան ավելի քան 20 տոկոսով, ուստի կարելի է նշել, որ Հայաստանն այսօր Կովկասի սիլիկոնյան հովիտն է»,- նշվում է ռեպորտաժում: