Երևանում էլեկտրասյանը բախված ուղևորատար ГАЗель-ը վերածվել է մոխրակույտի. ուղևորներին առաջինը օգնության են հասել երկվորյակ եղբայրները. (լուսանկարներ)
Այսօր՝ մայիսի 6-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 73-ամյա Գառնիկ Գրիգորյանը իր վարած մարդատար ГАЗель մակնիշի 2077 Տ համարանիշի թիվ 66 երթուղին սպասարկող ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում CPS բենզալցակայանի դիմաց բախվել է էլեկտրասյանը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով ГАЗель-ում հրդեհ է բռնկվել: Ավտոմեքենայում եղել են 10-ից ավելի ուղևորներ և նրանց առաջինը օգնության են հասել երկվորյակ եղբայրներ՝ Սամվել և Ալբերտ Հայրապետյանները:
Եղբայրներին օգնել են նաև CPS բենզալցակայանի աշխատակիցները: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի և մետաղե ջարդոնի:
Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի ճանապարհային ոստիկանության մեծ թվով ծառայողներ: Երթևեկությունը նշված հատվածում ժամանակավորապես դադարեցվել է, որպեսզի հրշեջները կարողանան ազատ աշխատել:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանն ու ԱԻՆ փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Արմեն Գրիգորյանը: Վթարի դեպքի առթիվ Ճանապարհային Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: