Արսեն Ջուլֆալակյանը կվաճառի սրճարանը, որի համասեփականատերը ծեծի մասին հաղորդում էր տվել ոստիկանություն
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ միջադեպ է տեղի ունեցել Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների և 63-ամյա Սերգեյ Մխիթարյանի միջև։ Վերջինս ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել, որ Ջուլֆալակյանների կողմից ծեծի է ենթարկվել։ Արսեն Ջուլֆալակյանը հերքել էր իրենց կողմից ծեծի մասին լուրերը և նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել համատեղ ունեցած սրճարանային բիզնեսի մասին զրույցի ժամանակ։
Ավելի վաղ հայտնել էր, որ սրճարանի համասեփականատեր է։ «Այո, ես համասեփականատեր եմ, մասնաբաժին ունեմ: Տվել եմ վարձակալության արդեն մոտ 4, թե 5 ամիս: Մինչև այդ պասիվ ինվեստր էի: Եվ մայիսի մեջ կվաճառենք երևի թե ոչ միայն իմ մասնաբաժինը, այլև ընդհանուր»,- ասել է Ջուլֆալակյանը։ Խոսելով պատճառների մասին՝ Ջուլֆալակյանը նշել էր.
«Նախաձեռնությունն իմ կողմից է եղել. անձամբ որոշեցի իմ բաժինը վաճառել մի քանի պատճառներով, որպեսզի չխանգարի սպորտին և օրենսդիր գործունեությանը, երկրորդ, որպեսզի հանկարծ չլինի մեղադրանք, թեև ես եմ կառավարում բիզնեսը: Բացի այդ կարծում եմ՝ այդքան մեծ գումար սրճարանի մեջ դնելը նպատակահարմար չի զուտ եկամտաբերության առումով:
Ոչ թե եկամտաբերությունն է քիչ, այլ երեք սեփականատեր ենք: Հետագայում ես ցանկանում եմ մենակով լինել, եթե ինչ-որ բան նախաձեռնեմ: Բայց քանի դեռ կա օրենսդիրը չեմ հասցնի, չի էլ կարելի: Եթե ընտանիքս ինչ-որ հետաքրքիր բիզնես առաջարկի, կաջակցեմ: Կարծում եմ, քանի որ ժամանակին ռեստորանային բիզնեսի մեջ եղել ենք, միգուցե ընտանեկան ինչ-որ փոքր չափի բան նախաձեռնենք, եթե իրենք ուզեն, որովհետև ես ինքս և՛ ժամանակ չունեմ, և՛ հետաքրքրություններն այլ են»: Ջուլֆալակյանը նաև նշել էր, որ հարկայինի կողմից պարբերաբար է ստուգումներ իրականացվում սրճարանում։