Փակ հանդիպում ՎՀ լրագրողների հետ. Վլադիմիր Կարապետյանը Թբիլիսիում է
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում գտնվող «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնում կայացավ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փակ հանդիպումը Վրաստանում գործող լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, հասարակական գործիչներ, վրացական «Թաբուլա» մեդիայի, «Ռեզոնանս» թերթի, «Նովոստի Գռուզիի», «Նեթ Գազեթի» կայքերի գլխավոր խմբագիրները, քաղաքագետներ։
Վլադիմիր Կարապետյանը կարեւորեց նման հանդիպումները՝ թե կարծիք ձեւավորողների, թե լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների, թե համայնքային կառույցների հետ։ «Ես վարչապետի մամուլի քարտուղարն եմ, իմ պարտականությունների մեջ մտնում է նաեւ նման հանդիպումների անցկացումը, որոնց ժամանակ ներկայացնում ենք Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ներկայացնում վարչապետի գործունեությունը, խոսում նրա առաջնայնությունների, բարեփոխումների տրամադրվածությունների ու ընթացքի մասին»,-ասաց նա։