Սուրեն Պապիկյանը կզբաղեցնի՞ ՔՊ վարչության նախագահի պաշտոնը
Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՔՊ վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանից լրագրողները հետաքրքրվել են ՔՊ վարչության նախագահի ընտրություններից՝ նկատելով, որ այդ պաշտոնում նաև նրա անունն է քննարկվում:
«Իմ անունը չի քննարկվում ապագա վարչությունում, կարող է քննարկվել յուրաքանչյուր ընտրված վարչության անդամի, ես ընդամենն ապագա վարչության անդամության թեկնածու եմ: Խոսել դրա մասին, իհարկե, վաղաժամ է: Խնդիրը վեր է բարձրացել այն ժամանակ, երբ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ մայիսին վայր է դնելու նախագահի պաշտոնում իր լիազորությունները, իսկ մեր կուսակցության կանոնադրության համաձայն՝ այդ պարագայում դերակատարումը ստանձնում է փոխնախագահը: ՔՊ փոխնախագահը հիմա ես եմ, բայց նաև արդեն իսկ մենք հայտարարել ենք, որ հունիսի 19-ին տեղ է ունենալու մեր կուսակցության համագումարը, որն ընտրելու է նոր վարչություն»,-ասել է Սուրեն Պապիկյանը:
Հարցին էլ, թե ներկուսակցական պայքար ընթանու՞մ է, Սուրեն Պապիկյանն այսպես է պատասխանել.
«Բնականաբար, յուրաքանչյուր կուսակցության ներսում էլ պետք է լինի առողջ մրցակցային պայքար, գաղափարական պայքար յուրաքանչյուր ընտրությունից առաջ, որովհետև յուրաքանչյուր թեկնածու պետք է ներկայացնի իր նպատակները, ցանկությունները: Բնականաբար, դրան պետք է լինեն հակադրություններ, ցանկություններ, քննարկում, որի արդյունքում ծնվելու է առողջ միտք»: