Հողերի մշակման հարցում ձևավորվում է նոր մշակույթ, որը խոստանում է մեծ արդյունավետություն ու նոր հնարավորություններ. Տիգրան Խաչատրյան
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային ծրագրերի բիզնես համաժողովի ժամանակ ուշադրություն հրավիրեց մի քանի կարևոր հարցերի վրա, հորդորեց մտածել այդ հնարավորությունների շուրջ: Նախարարը նշեց՝ Արարատի մարզում առկա է շատ հետաքրքիր հաշվեկշռվածություն՝ գյուղատնտեսության, արդյունաբերական գործունեության և տուրիզմի զարգացման: Դա ծառայությունների այն բնագավառն է, որ իրենք տեսնում են որպես Հայաստանի տնտեսական զարգացումների մի կարևոր ուղղություն:
«Հողերի 74 տոկոսից ավելին գյուղատնտեսական նշանակության են, մենք տեսանք, որ այդ հողերի մշակման հարցում ձևավորվում է նոր մշակույթ, որը խոստանում է մեծ արդյունավետություն ու նոր հնարավորություններ գյուղատնտեսության զարգացման հարցում: Դա ինտենսիվ գյուղատնտեսության հնարավորությունն է. 70 հա-ից ավելի այգիներ արդեն ինտենսիվ եղանակով են մշակվում, կան ավելի քան 700 հա հողատարածքներ, որոնք կաթիլային ոռոգման եղանակով են մշակվում, այսինքն՝ գործ ունենք տեխնոլոգիական նորարարությունների հետ, որոնք պետք է լուծեն ամենակարևոր խնդիրը. դա գյուղատնտեսության բնագավառում արտադրողականության բարձրացման հարցն է:
Երբ խոսում ենք սահմանափակ ռեսուրսների մասին, իսկ սահմանափակ ռեսուրսներ են հողը, մարդիկ, ապա մենք պետք է փորձենք կիրառել դրանց օգտագործման լավագույն եղանակները»,- ասաց նա:
Խաչատրյանը նկատեց՝ այն համադրությունը, որ առկա է մարզում, իրենց պետք է ստիպի մտածել լայն, այսինքն՝ չբացառել որևէ հնարավորություն, որ իրենք կարող են ունենալ և՛ գյուղատնտեսական, և՛ արդյունաբերական գործունեության զարգացման հարցում