Հայաստանը դեռ շատ մեծ քայլեր ունի անելու մինչև ազատ մամուլ. Աղասի Ենոքյան
Հեղափոխությունից առաջ էլ մամուլը կիսով չափ ազատ էր, հիմա էլ է կիսով չափ ազատ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, խոսելով Հայաստանում
մամուլի ազատության մասին: Նրա խոսքով՝ հեղափոխությունից առաջ հիմնական
ուշադրությունը սևեռած էր հեռուստաընկերություններին, իսկ հեղափոխությունից
հետո թրենդային դարձան նաև կայքերը։
«Ներկայումս կան հեռուստաընկերություններ, որոնք իշխանության
վերահսկողության տակ չեն: Հիմա առաջ են եկել նոր խնդիրներ, անընդհատ ֆեյք
կամ իրական օգտատերերը վիրավորանքներ են հասցնում, մամուլի նկատմամբ ճնշում
են գործադրում: Առաջ նման բան չկար, սա նոր երևույթ է»,- ասաց քաղաքագետը,
և ավելացրեց, որ ներկայումս մամուլի միջոցով ընդդիմությունը փորձում է իր
խոսքն ասել, իսկ իշխանավորները փորձում են ճնշել ու թիրախավորել մամուլը։
«Սոցիալական ցանցերը փորձում են մամուլի դերը վերցնել իրենց վրա, և դա
մամուլի խնդիրներից է: Ազատ մամուլն այն է, որ որևէ քաղաքական ուժից չունի
կախում, ֆինանսական աջակցության չի սպասում և որևիցե ճնշման չի ենթարկվում,
իսկ Հայաստանը դեռ շատ մեծ քայլեր ունի անելու, որ հասնի ազատության այդ
աստիճանին»,- ասաց նա։
Ենոքյանի խոսքով՝ հիմա հայկական մամուլը բաժանված է սևերի և սպիտակների։
«Նոր իշխանությունը իր ձևավորման ընթացքում արդեն իսկ բաժանեց սևերի և
սպիտակների, որի մեջ մտավ նաև մամուլը: Սևի և սպիտակի բաժանված մամուլի
պատերազմը բնական բան է»,- ասաց նա: