Վարչապետը և ԱՄԷ պետնախարարը քննարկել են տնտեսական կապերի զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ
Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ
հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած
պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետը կարևորել է մայիսի 2-ին Երևանում
հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստի
անցկացումը, որը լավ հարթակ է հայ-էմիրաթական հարաբերությունների զարգացման
հարցերը քննարկելու համար: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը
կարևորում է ԱՄԷ հետ համագործակցությունը, և վերջին շրջանում երկկողմ
տնտեսական կապերի ակտիվացումը, նաև զբոսաշրջության ոլորտում նկատվող աճի
միտումները վկայում են Հայաստան-ԱՄԷ համագործակցության զարգացման դրական
դինամիկայի մասին:
ԱՄԷ պետնախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին ջերմ
ընդունելության համար և գոհունակություն հայտնել Հայաստան այցի,
հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկումների արդյունքների և ձեռք բերված
պայմանավորվածությունների առնչությամբ: Ահմադ Ալի Ալ-Սայեղիի խոսքով՝ ԱՄԷ-ն
հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ, տարբեր
ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ, և հանձնաժողովի
գործունեությունը հենց այդ մասին է վկայում:
Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով տնտեսական
փոխգործակցության խորացմանը վերաբերող հարցեր: ՀՀ վարչապետը նշել է, որ
կառավարությունը լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում գործարար
միջավայրի բարելավման, հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ՝
տնտեսության զարգացման և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով:
Հայ-էմիրաթական տնտեսական կապերի հետագա զարգացման տեսանկյունից Նիկոլ
Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, զբոսաշրջության, ՏՏ,
վերականգնվող էներգետիկայի, ջրամբարաշինության ոլորտներում
համագործակցությունը: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Հայաստանը
կարող է կամուրջ հանդիսանալ ԱՄԷ գործարարների համար դեպի ԵԱՏՄ և երրորդ
երկրների շուկաներ: ՏՏ ոլորտում համագործակցության խորացման համատեքստում
վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄԷ ընկերություններն ակտիվ կմասնակցեն 2019
թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների
համաշխարհային կոնգրեսին:
Ահմադ Ալի Ալ-Սայեղին նշել է, որ ԱՄԷ համար ևս հետաքրքրական է վարչապետի
նշած ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացումը, և ընդհանրապես
ԱՄԷ-ն պատրաստակամ է ընդլայնել Հայաստանի հետ գործակցությունը թե՛
քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հումանիտար ոլորտներում:
ՀՀ վարչապետը և ԱՄԷ պետնախարարն անդրադարձել են նաև օդային ուղիղ
հաղորդակցության հաստատման ուղղությամբ քայլերին, ինչը կնպաստի ոչ միայն
զբոսաշրջության, այլև առևտրաշրջանառության ծավալի ավելացմանը: Երկուստեք
կարևորվել են գործարար համաժողովների անցկացումն ու բարձր մակարդակի
պաշտոնական փոխայցերի կազմակերպումը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ կառավարությանը՝ Լեռնային
Ղարաբաղի հակամարտության հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու
համար: