ՀՀ գլխավոր դատախազն անընդունելի է համարում ԴԱՀԿ ծառայության նախկին պետի արարքը
Լրագրողների հետ զրույցում Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ արտահանձնման գործընթացը նորմալ է ընթանում։ Գլխավոր դատախազը նշել է, որ անձը ապաստան խնդրելու իրավունք ունի գտնվելու երկրում, բայց այդ գործընթացը հրապարակման ենթակա չէ։ «Պետությունը, որին դիմում են, պարտավոր է չտեղեկացնել։ Եղել են դեպքեր, երբ մեզնից են ապաստան խնդրել։ Մենք նույնպես պարտավոր ենք հետեւել այդ ընթացակարգին։ Մինչեւ գործընթացի ավարտը մարդը չի կարող հանձնվել»,- հավաստիացրել է Դավթյանը։ Ընդ որում՝ նա կտրականապես չի համաձայնել այն կարծիքին, թե իրավապահ մարմինները դանդաղկոտություն են ցուցաբերում անձանց պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ սպասելով, մինչեւ որ նրանք հեռանան երկրի սահմաններից, հետո նոր սկսում են նրանց որոնումը։ «Իրավապահ մարմինները գործում են, երբ հիմք կա։ Եթե քաղաքացին հեռացել է, այդ դեպքի համար իրավական մեխանիզմներ կան»,- ասել է Արթուր Դավթյանը։
Բացատրելով ընթացակարգը՝ գլխավոր դատախազը նշել է, որ եթե պետությունը որոշել է ապաստան տրամադրել, այս մասին կարելի կլինի կռահել արտահանձնումը մերժելիս, այլ հաստատման չարժե սպասել։
Հարցին, թե ինչ է մտածում Միհրան Պողոսյանի արարքի մասին, Դավթյանը պատասխանել է. «Որպես դատախազ մտածում եմ, որ Պողոսյանը նման իրավունք ուներ։ Որպես մարդ, բարոյական տեսանկյունից, անընդունելի եմ համարում»։ Նրա խոսքով՝ արդարադատությունից խուսափելու փորձեր անում են շատերը, բայց քչերին է դա հաջողվում։ Ընդհանուր առմամբ, հիշեցրել է Դավթյանը, արտահանձնման ընթացակարգը կարող է ձգձգվել. «Կան գործեր, որոնց վերաբերյալ մենք էլ գործընկերներին տարուց ավելի չենք պատասխանել»։
Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է օֆշորային ընկերություններում փողերի լվացման աղմկահարույց սկանդալին հանցակցության մեջ։