Դատավորը մերժեց Մանվել Գրիգորյանի գործով «Նաիրի» ԲԿ–ում արտագնա նիստ անելու միջնորդությունը, հեռացավ որոշում կայացնելու
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։ Որոշման եզրափակիչ մասը դատարանը կհրապարակի այսօր՝ ժամը 14:30–ին։ Խորհրդակցական սենյակում դատավորը պետք է անդրադառնա ամբաստանյալի խափանման միջոցի հիմնավորվածությանը եւ Մանվել Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնի:
Մինչ այդ Մնացական Մարտիրոսյանը մերժեց Գրիգորյանիպաշտպան Լևոն Բաղդասարյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Նշենք, որ Լևոն Բաղդասարյանը դատական նիստի մեկնարկից պնդում էր հետաձգել այսօրվա նիստը՝ խոստանալով հաջորդ նիստին ապահովել Մանվել Գրիգորյանի մասնակցությունը։ Իր պաշտանյալի՝ լսլելի լինելու իրավունքը պաշտպանելու համար նա անգամ միջնորդեց արտագնա դատական նիստ անցկացնել «Նաիրի» ԲԿ–ում, ինչը, սակայն դատարանը մերժեց՝ արձանագրելով, որ այն ժամանակավրեպ է։
Լևոն Բաղդասարյանը հայտարարեց, որ դատավորն իրեն արգելում է օգտվել արտահայտվելու իրավունքից։
«Այս նախագահությամբ դատարանը չի կարող օբյեկտիվ որոշում կայարցել։ Պատվեր է իջեցվել դատարանին՝ կատարել ընտրովի արդարադատություն»,–ասաց նա՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ նախագահող դատավորն այս գործով կաշկանդված է։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Նա մեղադրվումէ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։
Ըստ մեղադրանքի՝ Նազիկ Ամիրյանը ամուսնու՝ Մանվել Գրիգորյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։
Մանվել Գրիգորյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Ամիրյանի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրությունը։
ԵԿՄ վարչության նախկին նախագահը ներկայումս բուժում է ստանում քաղաքացիական հիվանդանոցում։