Մարզերում ԱԺ արտագնա նիստերը ծախս են բյուջեի վրա. Զեյնալյան
Կառավարությունն այսօր քննարկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որ ներկայացրել էր ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Օրենքի նախագծով առաջարկվում էր ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում առնվազն մեկ արտագնա նիստ ՀՀ մարզերում գումարելը դարձնել պարտադիր պահանջ և դրանից բխող լրացումներ կատարել Ազգային ժողովի նախագահի և խորհրդի լիազորություններում:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ դա անհամաչափ բեռ է, ծախս է բյուջեի վրա, կարող է սպառնալիք հանդիսանալ ՀՀ պատգամավորի անվտանգությանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ սա նշանակում է, որ ամեն մարզում պետք է կահավորեն ԱԺ նիստերի համար հարմարեցված դահլիճ, բացի այդ, նիստի ընթացքում պատգամավորները պետք է աշխատելու հնարավորություն ունենան, այսինքն՝ բոլոր մարզերում պետք է աշխատասենյակային պայմաններ ստեղծվեն, աշխատակազմը ևս պետք է տեղափոխվի: Վարչապետը հետաքրքրվեց՝ դա ո՞ւմ հաշվին է լինելու՝ պետությա՞ն, թե՞ պատգամավորների: Զեյնալյանը տեղեկացրեց, որ պետության հաշվին է լինելու:
Փաշինյանն ասաց, որ ԱԺ հանձնաժողովները կարող են գործնականում ամեն շաբաթ նիստերն արտագնա անել, եթե սա հարց է լուծում, նշեց՝ առաջարկի տրամաբանությունը վատը չէ, բայց ամբողջ ԱԺ մասշտաբով անելու համար շատ ժամանակ ու ծախսեր կպահանջվեն: Վարչապետը հայտնեց, որ իրեն հետաքրքրում էր ԱԺ-ն Թբիլիսիից Քութայիսի տեղափոխելու որոշման մասին վրացի գործընկերների կարծիքը, նրանք ասել են, որ իրեն չի արդարացրել այդ քայլը, բարդություններ է առաջացրել: Փաշինյանն ասաց՝ իր ոչ վաղ անցյալի օրինակով կարող է ասել, որ երբ երկու նստավայր է լինում, դա ինքնին խնդիր է ու հարցեր է առաջացնում:
Կառավարությունն անփոփոխ թողեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: