Կառավարությունը կողմ է, որ լրագրողները կարողանան ներկա լինել Երևանի ավագանու նիստերին
Երևանի ավագանու ԼՀԿ խմբակցությունն առաջարկ է ներկայացրել, որի համաձայն՝ լրագրողները պետք է կարողանան ներկա լինել ավագանու նիստերին անմիջապես նիտերի դահլիճում, ոչ թե առանձնացված սենյակում, ինչպես պահանջում է ներկա կարգավորումը։ Հայաստանի կառավարությունում այսօրվա քննարկման ժամանակ դրական եզրակացություն տրվեց այդ հարցին, սակայն մերժվեց մեկ այլ հարց։
Խնդիրն այն մասին է, որ մեկ այլ կետով նախագծում առաջարկվում է նիստերին ներկա լինելու հնարավորություն տալ ցանկացած քաղաքացու։ Հարցը զեկուցելիս տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ եթե նման հնարավորություն տրվի, ապա վաղը Երևանի ավագանու նիստին կարող է ներկա լինելու համար դիմել 1000 քաղաքացի, ինչը կխաթարի ավագանու գործունեությունը։
Այսպիսով` հարցն ընդունվեց մասամբ, սակայն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում, մինչև օրենքի ուժ ստանա։