Սևան-Մարտունի ճանապարհին Mercedes-ի վարորդը անսթափ վիճակում բախվել է Mitsubishi-ին եւ դիմել փախուստի․ կան տուժածներ
Այսօր՝ մայիսի 1-ին,
արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի
սահմաններում Սևան –Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում
բախվել են Վեդի քաղաքի բնակիչ 26-ամյա Լևոն Հարությունյանի Mitsubishi
Grandis մակնիշի և Նոր Ամանոս գյուղի բնակիչ 52-ամյա Պատվական Նիկոյանի
Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Լ. Հարությունյանը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը,
դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին գտնվող
հաստաբուն ծառին: Լ. Հարությունյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչ
23-ամյա Գեորգի Մուրադյանը և Ռումինիայի Հանրապետության քաղաքացի 35-ամյա
Լաուրա Կրեմենենը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու
բժշկական կենտրոն:
Ըստ աղբյուրի՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, որը բախվելով
Mitsubishi-ին, տուժածներին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:
Վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության, պարզվել է, որ Mercedes-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում:
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Mitsubishi-ի վարորդ Լ. Հարությունյանը
աշխատում է Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության
հիդրոէկոլոգիայի և կենդանաբանության գիտությունների կենտրոնում՝ որպես
կենդանաբան: Վիրավորներից Գ. Մուրադյանն աշխատում է «Սպուտնիկ Արմենիա»
լրատվական գործակալությունում՝ որպես լրագրող: