Քոչարյանի և մյուսների գործով դատավորը երկար տարիներ փաստաբան է եղել. ի՞նչ կապ ունի նա Մարտի 1–ի գործի հետ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործով դատավոր նշանակված Վարդան Լեւոնի Գրիգորյանը երկար տարիներ զբաղվել է փաստաբանական գործունեությամբ, 2000–2014 թթ. հանդիսացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ: Գրիգորյանը դատավոր է նշանակվել 2014 թվականի դեկտեմբերի 24-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով։ Նա սկզբում աշխատել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, իսկ 2018 թվականի նոյեմբերի 14-ին՝ նշանակվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր։
News.am–ը ՀՀ փաստաբանների պալատից հետարքրքվեց, արդյոք Գրիգորյանը որպես պաշտպան մասնակցե՞լ է 2008թ. Մարտի 1–ի իրադարձություններից հետո հարուցված քրեական գործերի քննությանը։ Պալատից, սակայն հայտնեցին, որ այդ ժամանակրջանի վերաբերյալ գործերը տեղափոխվել են արխիվ, և այս պահին հնարավոր չէ ասել՝ արդյոք նա ներկայացրել է այդ գործով անցնող անձանց շահերը, թե՞ ոչ։
Փոխարենը Մարտի 1–ի գործով անցնող մի քանի անձանց շահեր է ներկայացրել Գրիգորյանի կինը՝ Աննա Ջուվանովան, որն այժմ էլ զբաղվում է փաստաբանական գործունեությամբ։ NEWS.am-ի հետ զրույցում Ջուվանովան ասաց, որ Մարտի 1–ի գործով ներկայացրել է մի քանի անձանց, այդ թվում՝ հափշտակված իրեր տեղափոխելու համար մեղադրվող տաքսու վարորդ Կարեն Ասրյանի շահերը։
Նշենք, որ «ՀՀ Դատական օրենսգրքի» համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմքերը ներառում է այն դեպքերը, երբ դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում, դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ և այլն։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մարտի 1–ի գործով մեղադրյալ, նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի հարցը քննելիս, դատավոր Նելլի Բաղդասարյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ պատճառաբանելով, որ իրենք ընտանիքներով բավականին երկար ժամանակ մոտ են եղել եւ որպեսզի կասկածներ չառաջանա իր անաչառության վերաբերյալ, դատավորն ինքնաբացարկ էր հայտնել: Նելլի Բաղդասարյանը նույն հիմքով ինքնաբացարկ էր հայտնել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ գործով։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ կարծիքով, սակայն, Վահագն Հարությունյանի և Ռոբերտ Քոչարյանի որպես մեղադրյալ ներգրավված լինելը մեկ գործի շրջանակում դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմնավոր պատճառ չէ:
Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննելուց հրաժարված դատավոր Նելլի Բաղդասարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ներկայումս քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդում։ Այս հարցի լուծման վերաբերյալ որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կհրապարակի 2019 թվականի մայիսի 8-ին։