Հայաստանը ռազմական ծախսերի ավելացման առումով առաջին 10 երկրների ցանկում է
Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, հրապարակել է նոր զեկույց, որի համաձայն՝ Հայաստանում պաշտպանական ծախսերի ավելացումը 2018 թվականին 33 տոկոս է կազմել և հասել է 609 միլիոն դոլարի, ինչը երկրի համախառն ներքին արդյունքի 4.8 տասնորդական տոկոսն է:
Ռազմական ծախսերի ավելացման առումով Հայաստանը տեղ է գրավել աշխարհի առաջին տասը պետությունների շարքում:
Ուկրաինան և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններ 2018 թվականի ընթացքում էապես ավելացրել են ռազմական ծախսերը:
Ըստ SIPRI-ի վերլուծաբանների, միայն Ուկրաինայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 21 տոկոսով և անցյալ տարի կազմել են 4 միլիարդ 800 միլիոն դոլար:
Նույն միտումն են գրանցել նաև Բուլղարիան, Ռումինիան, Լատվիան և Լիտվան:
«Այդ երկրներում ռազմական ծախսերի ավելացումը հիմնականում բացատրվում է Ռուսաստանը որպես ահագնացող վտանգ դիտելու գործոնով, ընդ որում՝ չնայած այն հանգամանքին, որ անցյալ երկու տարիների ընթացքում Ռուսաստանում ռազմական ծախսերն անկում են գրանցել», - ասել է ինստիտուտի ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանը:
Բուլղարիայում, Ռումինիայում և Լատվիայում պաշտպանական ոլորտի ծախսերն ավելացել են 18-24 տոկոսով:
Լեհաստանում աճը կազմել է 8.9 տոկոս և հասել է 11 միլիարդ 600 միլիոն դոլարի: