Քենեթ ցիկլոնը Մոզամբիկում է. ջրհեղեղի հետեւանքով զոհվել է 38 մարդ
Մոզամբիկի
կառավարությունը հայտնում է, որ Քենեթ կործանարար ցիկլոնի առաջացրած
ջրհեղեղի հետեւանքով զոհերի թիվը հասել է 38-ի, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ տարերքը շարունակում է փոթորկվել: Ըստ օդերեւութաբանների
կանխատեսումների՝ Մոզամբիկում սպասվում են էլ ավելի մեծ քանակությամբ
անձրեւներ:
Հինգշաբթի ցիկլոնը խոչընդոտել է մարդկանց ավելի անվտանգ ապաստարաններ
տեղափոխելու ջանքերին: Ցիկլոնի առաջացրած հզոր անձրեւները երկրի
հյուսիս-արեւելքում Պեմբա քաղաքում ջրհեղեղների եւ հրեշավոր
ավերածությունների պատճառ են դարձել:
Քենեթը սկսել է փոթորկվել ընդամենը 6 շաբաթ անց մեկ այլ ավերիչ ցիկլոնից՝ Իդայից հետո, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 600 մարդ:
Ավելի վաղ CNN-ն հայտնել էր, որ մոտեցող ցիկլոնի պատճառով տարհանվել է
ավելի քան 30 հազար մարդ: Ընդ որում՝ հիմա հայտնի է դարձել, որ Քենեթ
ցիկլոնի պատճառով վտանգված է 160 հազար մարդու կյանքը: