Որևէ դիրքորոշում չենք ձևավորել այս հարցի վերաբերյալ. Լիլիթ Մակունցը՝ «ՔՈ» կուսակցության հայտարարության մասին
ԱԺ իշխանական «Իմ քայլը» խմբակցությունում անցկացվել է նիստ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը, որն ուղղված էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Նիստից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք որևէ դիրքորոշում չեն ձևավորել այս հարցի վերաբերյալ։
Մակունցն ասաց, որ Միրզոյանը նույնպես ներկա է եղել հանդիպմանը, ու եղել են տարբեր կարծիքներ։ ԱԺ նախագահը, ըստ խմբակցության ղեկավարի, լրացուցիչ հայտարարությամբ է հանդես գալու այս հարցի վերաբերյալ։
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ անդրադարձ է եղել նաև ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ կապված միջադեպին, ու պատգամավորները մտահոգություն և անհանգստություն են հայտնել, որ միջանձնային պատճառներով միջադեպերը շատացել են։
«Այս պահին չենք համարում, որ դրանք ունեն քաղաքական, այս պահին, նորից եմ կրկնում, մենք չենք ուզում նման գնահատական հնչեցնել, որ դրանք որևէ քաղաքական ենթատեքստ ունեն։ Ժամանակը ցույց կտա, թե իրականում ինչ կա այդ ամենի հետևում, և կա՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ, թե՞ ոչ»,- ասաց Մակունցը։
Դիտարկմանը, որ իրենց խմբակցության պատգամավորներն արդեն հայտարարել են, որ միջադեպին պետք է քաղաքական գնահատական տրվի, Մակունցը պատասխանեց, որ ինքը` որպես խմբակցության ղեկավար, ասում է, որ չի տրվելու քաղաքական գնահատական, քանի դեռ գործը քննվում է ոստիկանության կողմից։