Հայաստանն ու Ռուսաստանը հստակեցնում են մինչև 2030թ.-ը ՀՀ գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեման
Ռուսաստանը և Հայաստանը մեծ ուշադրություն են դարձնում գազի ոլորտում համագործակցությանը և ցանկանում են մշակել մինչև 2030թ.-ը Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեման: РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն:
«Մեր երկրները մեծ ուշադրություն են դարձնում գազի ոլորտում համագործակցությանը: Ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային թեմաները մշակման փուլում են: Օրինակ՝ պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչև 2030թ.-ը Հայաստանի գազամատակարարման և գազաֆիկացման գլխավոր սխեմաները»,- հայտնել է Պրիխոդկոն:
Սերգեյ Պրիխոդկոն նաև հաստատել է, որ մինչև 2019 թվականի հուլիսի 1-ը կողմերը կանցկացնեն անհրաժեշտ ներպետական խորհրդակցություններ՝ Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարման գների ձևավորման մասին նոր համաձայնագիր կնքելու համար:
РИА Новости-ն մեջբերում է նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ հայկական կողմը խելամիտ է համարում հրաժարվել մեկ տարվա համար ռուսական գազի ֆիքսման պրակտիկայից: