ՀՀ նախագահի աշխատակազմն աշխատանքի է ընդունել եւս մեկ վիրավորված զինվորի
Հանրապետության նախագահի աշխատակազմում այսօր աշխատանքի է ընդունվել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված Լիպարիտ Մելքոնյանը: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջից:
«Շուրջ մեկ տարի առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդես էր եկել կոչով՝ աջակցելու հայրենիքի պաշտպանին: Խոսքը վերաբերում էր հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորված եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աշխատանքով ապահովելուն:
Որպես օրինակ, որպես բարոյական պարտավորություն՝ Հանրապետության նախագահի աշխատակազմն այդ կոչն իրականություն դարձնելու ճանապարհին ամիսներ առաջ կատարեց առաջին քայլը՝ աշխատանքի ընդունելով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող եւ մասնագիտական հմտություններ ունեցող զինծառայող Գոռ Դարմանյանին:
Նախագահ Սարգսյանը նաեւ ասել էր, որ գործընթացը լինելու է շարունակական: Եվ այսօր՝ Քաղաքացու օրը, Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի է ընդունվում հայրենիքի եւս մեկ պաշտպան՝ Լիպարիտ Մելքոնյանը: Հայաստանի Հանրապետության եւս մեկ քաղաքացի ապահովվում է աշխատանքով:
Շարունակենք աջակցել մեր երկրի ու յուրաքանչյուրիս խաղաղության ու անվտանգության համար իրենց առողջությունը զոհաբերած մեր զինծառայողներին՝ աշխատատեղեր ապահովելով նրանց համար»,-ասված է գրառման մեջ: