Արմեն Սարգսյանն ընդունել է Կատարի նոր դեսպանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր՝ ապրիլի 26–ին, հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կատարի Պետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամմեդ բին Համադ Սաադ Ալ Հաջրին (նստավայրը՝ ք․ Թեհրան):
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական ծառայության անցնելու առթիվ: Նախագահն իր խորը երախտագիտությունն է հայտնել Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնմանը կատարական կողմի ցուցաբերած մեծ աջակցության համար եւ ընդունել հրավերը՝ ներկա գտնվելու մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության բացման արարողությանը:
Նախագահը վերահաստատել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին եւ հայր էմիր Շեյխ Համադ Բին Խալիֆա Ալ Թանիին ուղղված՝ Հայաստան պաշտոնական այց կատարելու իր հրավերը:
Կատարի դեսպանը նախագահ Սարգսյանին է փոխանցել Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները: Նորանշանակ դեսպանն ասել է, որ կներդնի իր ողջ փորձառությունը՝ նպաստելու հայ-կատարական հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Զրուցակիցներն արձանագրել են, որ Հայաստանն ու Կատարն ունեն համագործակցության մեծ դաշտ եւ հաջողությամբ կարող են փոխգործակցել մասնավորապես բնապահպանության, կրթության, գիտության, զբոսաշրջության, նոր տեխնոլոգիաների ոլորտներում: