Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Բելգիայում
Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի միջոցառում, որին ներկա էին բելգիահայ համայնքի բազմաթիվ անդամներ, համայնքային կառույցների ղեկավարները, Բելգիայում, ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում ՀՀ դիվանագիտական առաքելությունների ղեկավարներն ու դիվանագետները:
Արարողությանը եկեղեցական երգչախմբի և Ախթամար լարային քառյակի կատարմամբ հնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողը: Տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ներկա էին նաև Բելգիայի ֆրանսախոս համայնքի խորհրդարանի նախագահը, Բելգիայի դաշնային և ռեգիոնալ խորհրդարանների տասնյակ ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայի ազգային փոքրամասնությունները ներկայացնող կառույցների ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եկեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և դատապարտմանն ուղղված շարունակական ջանքերը: Դեսպանն ընդգծեց հատկապես թուրքական ագրեսիվ ժխտողականության դեմ պայքարում համատեղ ջանքերի կարևորությունը:
Միջոցառման վերջում տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն: Նույն օրը երեկոյան Բրյուսելի Հայ տանը տեղի ունեցավ հիշատակի համերգ: