Անթույլատրելի է տալ որսաչափ` առանց պաշարի գնահատման. Բարդուխ Գաբրիելյան
Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար։
«Մենք մոտավորապես տասնհինգ տարի` ամեն տարի այդ մոնիթորինգն իրականացրել ենք: Ցավոք սրտի, եղել են էլի դեպքեր, երբ մոնիթորինգ չի իրականացվել: ԲՆ-ն է տենդերը հայտարարում, և քանի որ, բացի մեր ինստիտուտից, ոչ մի կազմակերպություն չի անում պաշարների ուսումնասիրություն, չի հայտարարվել այս տարի: Նշվում է, որ հատկացվող գումարը` 7 մլն, բավարար չէ:
Գումարն, այո՛, բավարար չէ, բայց դա չի նշանակում, որ մենք պատշաճ ձևով չենք իրականացնում, միջոցներ ենք հայթայթում, արտաբյուջետային ֆինանսավորումներով ենք ապահովում: Հիմնավոր չէ, երբ ասում են, որ երբ 7 մլն բավարար չէ, ուրեմն չանենք», – ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ կարելի է այդ 7 մլն-ը հատկացնել ոչ թե օրինակ ընդհանուր վիճակն ուսումնասիրելու համար, այլ հենց միայն սիգինը մանրամասնորեն պարզելու համար:
«Կյանքը ցույց է տվել, որ մեր կանխատեսումները միշտ իրականացրել ենք, չի եղել` երբ ասենք, որ այս ձկանը խզում պետք է լինի ու չի եղել: Անթույլատրելի է տալ որսաչափ` առանց պաշարի գնահատման»,-հավելել է Գաբրիելյանը: