Դանդաղ է առաջ գնում ամեն ինչ, դրականին զուգահեռ՝ բացասականն ավելի առաջ է անցել. Ժիրայր Սեֆիլյան
Մեր պետությունը
պետք է պահանջատերի դիրքում լինի, և մենք շատ մտագոհ ենք այս հարցում: Այս
մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների
հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սասնա ծռեր»
կուսակցության անդամ Ժիրայր Սեֆիլյանը` խոսելով Հայոց ցեղասպանության
ճանաչման գործընթացից:
«Ամեն տարի այս օրը, կարծում եմ, քաղաքական խավի համար մտածելու առիթ
պետք է լինի` ինչպես պետք է անենք, որ չլինի նոր ցեղասպանություն: Գլխավոր
պատճառը եղել է այն, որ մենք պետականությունից և իշխանությունից զուրկ ենք
եղել: Հենց այս գաղափարի շուրջ առաջիկայում քաղաքական ուժերը պետք է
համախմբվեն և օր առաջ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն ստեղծեն»,- ասաց
Սեֆիլյանը, և ավելացրեց, որ համոզված է՝ Թուրքիան մի օր մասնատվելու է, և
բոլորը պետք է հիմա այս տարածքում ամրանան. «Դրա համար մենք պետք է
կենտրոնացնենք մեր ջանքերը, որովհետև մեզ սպասվում են մարտահրավերներ,
գուցե աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ ի նպաստ մեզ»,- նշեց նա:
Անդրադառնալով գործող իշխանության գործունեությանը՝ Սեֆիլյանն ասաց, որ
իրենք դժգոհ են ընթացքից. «Գործընթացը դանդաղ է առաջ գնում։ Այո, կան
դրական քայլեր, սակայն շատ դանդաղ են ընթանում, բայց դրականին զուգահեռ՝
բացասականը շատ ավելի առաջ է անցել։ Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ
մեկ տարվա մեջ հանցագործներն առնվազն պետք է պատասխանատվության ենթարկվեին,
նրանք մինչև այս պահը պետք է լինեին համապատասխան վայրում, առաջին հերթին՝
Սերժ Սարգսյանը»,- ասաց նա, և ավելացրեց, որ «Սասնա ծռերն» առաջին օրվանից
եղել է գործող իշխանության կողքին, սակայն կուսակցության անդամները հիմա
դրական տեղաշարժ չեն տեսնում։