Երևանի քաղաքապետարանի անգործության արդյունքում բնակչի իրավունքները շարունակում են խախտվել
Երևանի բնակիչ Զ․ Սահակյանին երկու իրար հակասող պատասխաններ տալուց հետո Երևանի քաղաքապետարանը 2019թ․ ապրիլի 4-ին թվագրված գրությամբ էլ խնդրին լուծում տալու համար հորդորել է սպասել դատական ակտի հրապարակմանը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Զ․ Սահակյանի և Երևանի մեկ այլ բնակչի իրավունքների պաշտպանությունն ստանձնելուց հետո Երևանի քաղաքապետարան էր դիմել դեռևս 2019թ․ հունվարին՝ բնակիչների նկատմամբ պատշաճ վարչարարություն իրականացնելու հարցով։
Զ․ Սահակյանը Երևանի քաղաքապետարան էր դիմել ավելի վաղ՝ 2018-ի հուլիսին՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասի հարևանությամբ գտնվող տարածքի նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելու համար ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե դիմելու հարցով, քանի որ նախորդ վարձակալի հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել էր։
2018թ. հուլիսի 13-ին Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Ա. Քասարյանը պատասխանել է, որ հարցի քննարկմանը հնարավոր կլինի անդրադառնալ նախորդ վարձակալի վարձակալության իրավունքը դադարեցնելուց և Կադաստրի պետական կոմիտեում վերագրանցելուց հետո: Մինչդեռ Երևանի քաղաքապետարանն ունի վարձակալության իրավունքն ուժը կորցրած ճանաչելու հարցով Կադաստրի պետական կոմիտե դիմելու իրավասությունը և կարող էր բավարարել քաղաքացու դիմումը:
Զ․ Սահակյանը իր իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ նաև դատարան էր դիմել։