Մենք ունենք իշխանություն, որը ցանկացած պահի արձագանքում է բողոքին. Սուրեն Պապիկյան
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը
«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում անդրադարձել է
մի շարք խնդիրների: Նա խոսել է Երևան-Եղվարդ ճանապարհի խնդրին և ասել է, որ
իր գործընկեր Հակոբ Արշակյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե որ
ճանապարհներն են վերանորոգվելու, և կատարվելու են փոսալցման աշխատանքներ.
«Հնարավոր է էմուլսային զանգվածով ստանալ 5-7 տարի
երաշխիքով ճանպարհներ, որոնք, իհարկե, կփոխեն հայաստանյան պատկերը, սակայն
դա, իհարկե, հայաստանյան ճանապարհներին փորձարկել է պետք»:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ մի շարք միջազգային ընկերություններ
առաջիկայում կիրականացնեն պիլոտային փորձարկումներ և ըստ դրա՝ կգնահատվի
առաջարկվող տարբերակի արդյունավետությունը:
Սուրեն Պապիկյանը նաև անդրադարձել է երկրի տարբեր հատվածներում
գյուղապետերի և այլ պաշտոնյաների հրաժարականը պահանջելու ակտիվ ալիքին.
«Չեմ բացառում, որ կան դեպքեր, երբ ինչ-որ մեկը մարդկանց
դժգոհությունը կարող է օգտագործել իր նպատակների համար: Մի բան հստակ է՝
հանրության պահանջը հետհեղափոխական Հայաստանում շարունակաբար աճում է, ու
դա ես նորմալ եմ գնահատում: Մենք ասել ենք հանրությանը, որ յուրաքանչյուր
հարց պիտի լուծվի իրավական շրջանակում»:
Սուրեն Պապիկյանը նշեց, որ ճանպարհ փակելը քաղաքացու բողոքն արտահայտելու դիրքորոշում է, այն թույլատրելի է, սակայն ցանկալի չէ.
«Մենք ունենք իշխանություն, որը ցանկացած պահի արձագանքում է
բողոքին, երբեմն նախարարի, վարչապետի, փոխվարչապետի մակարդակով: Ինչ կարիք
կա գնալ փակել փողոցը, եթե կարելի է սպասել խնդրի կարգավորմանը»: