Մեր խաղը չէր համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդի» մակարդակին
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 35-րդ տուրում Լիվերպուլի «Էվերտոնից» կրած պարտությունը 0:4 հաշվով:
«Գիտենք, որ պետք է առաջադիմենք, սակայն խոսքերը քիչ նշանակություն ունեն: Պետք է ամեն ինչ տանք հանուն ակումբի: Շնորհակալ եմ ձեր անվերապահ աջակցության համար: Բարդ է խոսքերով արտահայտել, թե ինչ եմ զգում այսօր:
Ես՝ որպես թիմի ավագ, ցանկանում եմ ասել, որ թիմի այս ելույթն ու արդյունքը չեն համապատասխանում այն մակարդակին, որը պետք է ունենալ «Մանչեսթեր Յունայթեդի» համազգեստով խաղալիս»,- թվիթերյան էջում գրել է Դե Խեան:
Հիշեցնենք, որ բոլոր մրցաշարերում «Մանչեսթեր Յունայթեդը» չորրորդ պարտությունը կրեց վերջին 5 խաղերում: 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայում մանչեսթերցիներն առաջին անգամ են 48 գոլ բաց թողնում մեկ մրցաշրջանի ընթացքում: Նախկինում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմյեր լիգայում 45 գոլ էր բաց թողել 1999/2000 եւ 2001/2002 մրցաշրջաններում: