Միրզոյանը ԱԺ թեժ քննարկումների մասին (տեսանյութ)
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր՝ ապրիլի 22-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև նախորդ շաբաթ խորհրդարանում տեղի ունեցած թեժ քննարկումներին: Նա նշել է, որ խորհրդարաններում միշտ էլ լինում են թեժ քննարկումներ և երբեմն դրանք դուրս են գալիս բովանդակային քննարկումների շրջանակից՝ այլ բնույթ ստանալով:
«Ես փորձեցի կանխել կամ ընդհատել այդպիսի ընթացքը քննարկումների և կարծում եմ, որ իսկապես բոլոր խմբակցությունները պետք է ջանան մնալ բովանդակային քննարկումների շրջանակներում, որը կարող է նաև թեժ լինել: Դա էլ է հատուկ խորհրդարանին, կարող եք ամենահին խորհրդարանների քննարկումներին հետևել, այնտեղ էլ է եղել, նորմալ է»,- ասաց Արարատ Միրզոյանը:
Լրագրողները հիշեցրեցին, որ նոր իշխանությունը խոստանում էր նոր որակի խորհրդարան, ինչին ի պատասխան, ԱԺ նախագահը ասաց.
«Մեծ հաշվով գուցե փոքր-ինչ շտապելով, բայց ասեմ, որ նոր մշակույթ, կարծես իսկապես ձևավորվել կամ սկսել է ձևավորվել»:
Հաջորդ հարցը կրկին նախորդ շաբաթ Ցեմենտի գործարանի շուրջ եղած աղմուկին էր վերաբերում: Լրագրողները նկատեցին, որ մի ամբողջ խմբակցություն բիզնես շահ է պաշտպանում, շահերի բախում է տեղի ունենում:
«Մտայնությունը իսկապես բարձրաձայնվել է և պետք է հասկանալ ինչքանո՞վ է շահերի բախում: Եթե այդպես է, պետք է որոշակի գործողություններ հետևեն, բայց եթե քաղաքական գնահատական եք ուզում լսել, կոնկրետ խմբակցության, կոնկրետ անձի և բիզնես շահերի մասին, լավ կլինի այլ քաղաքական խմբակցություններից հարցնեք այդ տեսակետը: Իմ մտահոգության առարկան շահերի բախումն է»,- ընդգծեց նա: