Մարտի 1-ի զոհերի հարազատներից ներողություն խնդրելու հերթն այժմ ԱԺ-ինն է. Լենա Նազարյան (տեսանյութ)
Խորհրդարանում այսօր քննարկման ներկայացվեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» նախագիծը, որը հեղինակել են ԱԺ փոխխոսնակներ Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց հիմնավորումները, նշեց՝ սրանով վերահաստատում են պետության՝ որպես քաղաքացիների քաղաքական, քաղաքացիական իրավունքների, ազատությունների և ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերը:
«Մարտի 1-ով ՀՀ քաղաքացիներից խլվել է քաղաքական կամարտահայման, քաղաքական ազատությունների իրավունքը, կասեցվել է Հայաստանի ժողովրդավարական զարգացումը՝ մահաբեր ուժի գործադրմամբ: «Մահաբեր ուժի գործադրման» փաստն եմ ուզում ընդգծել, քանի որ մարտի 1-ին նշանառության տակ է եղել քաղաքացին՝ այն դեպքում, երբ պետությունն ինքը պետք է իր քաղաքացիների կյանքի և ազատությունների երաշխավորը լիներ: Այս տարի մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետության անունից ներողություն հայցեց զոհերի հարազատներից, տուժածներից, անարդարության բախված բոլոր քաղաքացիներից: Այժմ Ազգային ժողովի հերթն է, որ ընդունենք և ճանաչենք բոլոր տուժածների տառապանքը, վերահաստատենք պետության՝ որպես քաղաքացիների, քաղաքական քաղաքացիական իրավունքների ազատ և ժողովրդավարական արժեքների պաշտպանի դերը»,- ասաց նա: