Պանկիսի կիրճում իրավիճակը եղել է ծայրահեղ լարված (տեսանյութ)
Կիրակի առավոտից Պանկիսի կիրճում իրավիճակը եղել է ծայրահեղ լարված։ Տեղի բնակիչները թույլ չեն տվել շինարարական ընկերությանն սկսել տարածաշրջանում 5 մեգավատտ հզորությամբ ՀԷԿ-ի կառուցումը՝ մտավախություն ունենալով, որ այն վնաս կհասցնի տարածաշրջանի էկոլոգիային, և իրենք ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը:
Շինընկերության կանչով տարածաշրջան ժամանած ուժայինները տեղացիների ուղղությամբ արցունքաբեր գազ և ռետինե մահակներ են կիրառել այն բանից հետո, երբ տեղացիները քարեր ու փայտեր են շպրտել նրանց ուղղությամբ: Միջադեպից հետո իրավիճակն էլ ավելի է սրվել: Օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանության միջև: Հերթական ընդհարման ժամանակ երկու կողմից տուժել է մոտ 40 մարդ: Ընդհարումների ժամանակ տեղացի երիտասարդներն այրել են շինարարական տեխնիկան և ոստիկանական մի քանի մեքենա: