Աֆղանստանում նախարարության շենքի վրա հարձակման հետևանքով 6 վիրավոր կա
Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարձակում է եղել երկրի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի վրա։ Նախ` պայթյուն է որոտացել մի քանի այլ պետական կառույցների հարևանությամբ գտնվող շենքում, ապա հարձակվողները ներխուժել են նախարարության տարածք։
3 հարձակվողների հետ փոխհրաձգության մեջ են մտել նախարարության անվտանգության աշխատակիցները։ Շենքի ներսում այս մարտը տևական ժամանակ շարունակվել է, այդ ընթացքում իշխանությունները հասցրել են ապահովել նախարարության 2000 աշխատակիցների տարհանումը։ 6 մարդ վիրավորվել է հրաձգության ժամանակ։
Ավելի ուշ սկսվել է հարակից շենքերից մարդկանց տարհանումը։ Պարզվել է, որ նախարարության շենքում, այնուամենայնիվ, դեռ մնացել են աշխատակիցներ, սակայն նրանք անվտանգ գոտում են։ Հարձակվողներին, սակայն, մինչև այս պահը չի հաջողվել չեզոքացնել։
Աֆղանստանում գործող «Թալիբան» զինված խմբավորումն արդեն հայտարարությամբ հայտնել է, որ իրենք կապ չունեն այդ հարձակման հետ։