Ամերիկացիների աջակցությամբ Հայաստանում բացվել է Տեղական դեմոկրատիայի դպրոց
Կոտայքի մարզի Աղվերան գյուղում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Տեղական դեմոկրատիայի դպրոցի բացումը, տեղեկացնում է News.am-ի թղթակիցը։
Նախագիծը ֆինանսավորել է USAID-ը (ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչություն) եւ իրականացվում է «Համայնքային ֆինանսիստների ասոցիացիա» հասարակական կազմակերպության եւ հինգ գործընկեր կազմակերպությունների կողմից, «Տեղական ինքնակառավարմանը հանրության մասնակցության» («Համատեղ») ծրագրի շրջանակում։ «Դպրոցը» կդառնա տեղական ինքնակառավարման, հանրային վերահսկողության, շահերի պաշտպանության ուսումնական հարթակ։ Ծրագրի նպատակն է օգնել երիտասարդներին ակտիվորեն մասնակցել տեղական ինքնակառավարմանը։ Ծրագրում ներգրավված է 75 ուսանող Հայաստանի տարբեր մարզերից։ Ուսուցման առաջին փուլից հետո նրանք կգործուղվեն նախարարություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններ՝ պրակտիկայի։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի տարածքային կառավարման եւ զարգացման առաջին փոխնախարար Վաչե Տերտերյանը եւ Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։