Խորհրդարանն ընդունեց բուռն քննարկումների առարկա դարձած նախագիծը
Խորհրդարանում քննարկման դրվեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Պատգամավորներին տեղեկացրին՝ քվեարկվող նախագծով կլինկերը չի հարկվում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը, վարման կարգով ելույթ ունենալով, նշեց՝ իրենք չեն ասում, թե նախագիծը բոլոր խնդիրները լուծում է, առաջարկում են ընդունել լրամշակված տարբերակ՝ մեկ տարի ժամկետով, առանց կլինկերի:
«Եթե այս առումով համաձայն եք, խնդրեմ՝ դիրքորոշում հայտնեք, չստացվի՝ մեր դիրքորոշումը փաթաթում ենք մեկի վզին»:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ իրենք կարծում են, որ օրենքները պիտի բազմակողմանիորեն քննարկվեն և հետո քվեարկվեն, ոչ թե ասեն՝ քանի որ թերի է, իրենք էլ են տեսնում, որ խնդրահարույց է, մի հատ քվեարկեն, հետո տեսնեն՝ ինչ են անում:
«Պետք է քվեարկվեն բացառապես այն օրենքները, որ քննարկվում են ամբողջապես, և հետո առանձին քննարկելու թեմաներ չկան»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ իրենք դեմ են քվեարկելու:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այս օրենքը որակեց որպես «ապագա չունեցող», որը կարճ ժամանակ հետո փոխվելու է: Դիմելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանին՝ նա նշեց. նախարարը պետք է ոչ թե մտածի, այլ շատ-շատ երկար մտածի և ԱԺ ամբիոնից քաղաքական մեսիջներ հաղորդի:
«Ո՞րն է Ձեր ինքնուրույն մշակած քաղաքականության իրականացումը: Ոչ մի բան»,- ասաց նա:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն արձագանքեց, թե վարման կարգի տեքստերից այնպիսի տպավորություն է, որ այս օրենքն ընդունում են «Բարգավաճ Հայաստան»-ի համար:
«Այո, կա շահերի բախում, ակնհայտորեն դա բոլորը տեսնում են: Այո, տեղական արտադրողին պաշտպանության ու աջակցության կարիք կա, խոսքը միայն «Արարատ ցեմենտ»-ի մասին չէ: Սա կիսատ-պռատ քննարկած, լավ չմշակած մոտեցում է: Հարցը պետք է հանվի, չընդունվի, հասկանանք՝ ինչպես անել, որ պաշտպանենք տնտեսվարողին ու չխաթարենք մրցակցային դաշտը»,- նշեց Թանդիլյանը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ միանշանակ համաձայն է Մանե Թանդիլյանի հետ այն առումով, որ որպես պատգամավոր՝ պետք է ներկայացնեն հասարակության բոլոր շերտերի շահերը, և որոշումները պետք է լինեն բալանսավորված, չանտեսեն որևէ մեկին: Մակունցը նշեց՝ դա է պատճառը, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում կհանգեն համապատասխան որոշման: Նա ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծերի փաթեթին:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանն ասաց, որ նախագծերի փաթեթին կողմ քվեարկելը բխում է միայն արտադրողների շահերից, ընդգծեց՝ դա ի վնաս ներմուծողների է, դրանով 22 հազար պետտուրք են ավելացնում, ինչն անուղղակիորեն ստացվում է, որ վնաս է ներմուծողին: Դիմելով իր գործընկերոջը՝ Միքայել Մելքումյանին, Սարգսյանն ասաց.
«Երբ Ձեր ձայնը բարձրացնում եք նախարարի վրա, Ձեր ասածն ավելի չի արժևորվում, մյուս անգամ նախարարի վրա ձայն չբարձրացնեք»:
Նախագծերի փաթեթն ընդունվեց ձայների 78 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: