Հայաստանում մոտ 300 պոտենցիալ վտանգավոր սողանքային գոտի կա. ԱԻՆ
Հայաստանում մոտ 300 պոտենցիալ վտանգավոր սողանքային գոտի կա, դրանցից 131-ը՝ ակտիվ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԻՆ ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով՝ առանձնացվել են 6 գործողները։ Առավել վտանգավորներով զբաղվում են։ Պոտենցիալ վտանգավորների թվում նախարարը նշել է Լոռու, Սյունիքի, Երեւանի մի քանի գոտիներ։ Առավել վտանգավորները ճանապարհների եւ գետերի մոտ գտնվող բնակավայրերում են։
Կառավարությունը որոշել է գերատեչությունների ցանկը, որոնք սողանքների ժամանակ ներգրավվելու են աշխատանքներին։ Այսպես, ճանապարհին սողանքի դեպքում գործելու է տրանսպորտի նախարարությունը, համայնքում՝ տարածքային կառավարման նախարարությունը եւ այլն։ Լիազոր համակարգող մարմինը ԱԻՆ-ն է։ Բայց, Ցոլակյանի կարծիքով, ավելի ռացիոնալ կլիներ, եթե գերատեսչությունների գործառույթները նույնպես անցնեին ԱԻՆ-ին։
«Հիմա, սողանքի վտանգը տեսնելով, ԱԻՆ-ը դիմում է նախարարությանը։ Օրինակ, եթե խոսքը ճանապարհի մասին է, տրանսպորտի նախարարությունը հայտարարում է տենդեր պայթեցման աշխատանքների համար, ԱԻՆ-ը միայն անվտանգությունն է ապահովում։ Ընդ որում՝ կորչում է օպերատիվությունը, եւ անհասկանալի է, թե ինչու աշխատանքը պետք է կատարի այլ գերատեսչություն։
Մենք հնարավորություն ունենք աշխատանքներ իրականացնելու։ Միակ բանը, որ ԱԻՆ-ը չունի, անհրաժեշտ տեխնիկան է, որն ունի տրանսպորտի նախարարությունը»,- պարզաբանել է Ցոլակյանը։