«Թարս ոտքերով» աղջիկը եզակի վիրահատությունից հետո կարող է նորմալ քայլել
Մեծ Բրիտանիայից Վիկտորյա Կոմադան հազվադեպ պաթոլոգիայով է ծնվել, որը հանդիպում է միլիոնից մեկ դեպքում: Վիկտորյայի մոտ առկա էր բնածին մեծ ոլոքային գեմիմելիա: Գեմիմելիան զարգացման շեղում է, որն արտահայտվում է վերջույթներից մեկի կամ դրա մի մասի բացակայությամբ: Դրա պատճառով աղջկա աջ ոտքը սրունք չուներ, իսկ ձախ ոտքը կարճացված էր:
Երբ ծնողները դիմել են բժշկական խորհրդատվության, ապա 8 մասնագետներ հայտարարել են, որ իրավիճակից միակ ելքը կրկնակի անդամահատումն է: Սակայն Ֆլորիդայից վիրաբույժները համաձայնվել են կատարել բարդ վիրահատություններ, որոնցից մեկով նախատեսվում էր աջ ոտքի ծնկից վերեւ հատում՝ կապված քառագլուխ մկանի փաստացի ամբողջական բացակայության հետ:
Այնուհետեւ ձախ ոտքը տեղադրվել է հատուկ կառուցվածքի մեջ՝ վերջույթն աստիճանաբար երկարացնելու համար: Մի քանի ամիս հետո ձախ ոտքի վրա կատարվել է վերականգնողական վիրահատություն, որից հետո աղջիկը ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորություն է ստացել: Վիկտորյան բուժվել է ընդհանուր 9 ամիս:
Հիմա պրոթեզի միջոցով աղջիկը ոչ միայն կարողանում է քայլել, այլեւ սպորտով զբաղվել: Ծնողները խոստովանում են, որ չեն կարողացել արցունքները զսպել, երբ Վիկտորյան կատարել է իր առաջին քայլերը: Փոքրիկը սեպտեմբերին դպրոց է գնալու, եւ մերձավորները հուսով են, որ կվարի սովորական կենսակերպ, չնայած պրոթեզ կրելու անհրաժեշտությանը: