Պաղեստինյան խմբավորումը սպառնացել է ռմբակոծել «Եվրատեսիլը»
Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը սոցցանցերում տեսաուղերձ է հրապարակել,
որտեղ սպառնացել է ձախողել այս տարվա «Եվրատեսիլ» երգի համաեվրոպական
մրցույթ փառատոնը, որը անցկացվելու է Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում՝
ռմբակոծելով այն։
«Ընդունեք մեր պահանջները, որպեսզի կարողանաք ձեր տոնը նշել»,- ասված է
ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։ Խմբավորման պահանջները հետեւյալն են՝
պաղեստինյան տարածքների ապաշրջափակում եւ հրադադարի պահպանման ռեժիմի
առնչությամբ ունեցած համաձայնագրերի պահպանում։
Նշենք, որ այս համաձայնության կայացման գործում որպես միջնորդ հանդես էր
եկել Եգիպտոսը։ ՀԱՄԱՍ-ը նախազգուշացրել էր, որ կհրթիռակոծի Թել-Ավիվը
«Եվրատեսիլի» ժամանակ, եթե Իսրայելը չհամաձայնի ներկայացված պահանջների
հետ։ Զինյալները նշել են, որ իրենք թիրախավորել են «Գանեյ Թարուխա»
համալիրը, որտեղ տեղի է ունենալու «Եվրատեսիլը»։
Հիշեցնենք, որ համաեվրոպական երգի «Եվրատեսիլ» մրցույթ փառատոնն այս տարի տեղի է ունենալու մայիսի 14-18-ին։