Եգիպտոսում գտնվել է փարավոնի շտեմարանների վերակացուի դամբարանը
Հնագետները Եգիպտոսի հարավում, Լուքսորի մոտ հայտնաբերել են հին եգիպտական XVIII հարստության փարավոնի (մ.թ.ա. մոտ 1500-1292 թվականներ) հացահատիկի շտեմարանների վերակացուի դամբարանը։ Գտածոյի մասին հաղորդել է հնությունների գործերի նախարար Խալեդ ալ Անանին Եգիպտոսի կառավարության ղեկավար Մուսթաֆա
Մադբուլիի եւ մի քանի նախարարների ներկայությամբ, տեղեկացնում է ՌԻԱ
«Նովոստի»-ն։
«Գտածոն վերաբերում է փարավոնների XVIII հարստության Նոր թագավորության
շրջանին եւ պատկանում է փարավոնի ցորենի շտեմարանների վերակացուին»,-
ասվում է տարածված հաղորդագրությունում։
Խալեդ ալ Անանին նաեւ տեղեկացրել է, որ հայտնաբերվել է եւս երկու
դամբարան, որոնք վերաբերում են Հին Եգիպտոսի պատմության ավելի վաղ շրջանին։
Երեք դամբարաններում էլ գտնվել են սարկոֆագներ, «ուշեբտի» արձանիկներ,
որմնանկարներ եւ անգամ թաղման դիմակներ։