Իրաքի բանակին մեղադրել են բանտարկյալների զանգվածային խոշտանգումների մեջ
Իրաքի բանակի
զինվորները խոշտանգումներ են կիրառում Մոսուլում գրոհայիններին սատարելու
մեջ կասկածվողների դեմ: Այս մասին հայտնում է The Independent-ը՝
վկայակոչելով Human Rights Watch իրավապաշտպան հասարակական
կազմակերպությանը:
Իրավապաշտպանների զեկույցում մանրամասն նկարագրվում են բանտակյալների
նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերը: Նրանց խոսքով՝ զինվորները
կասկածյալներին ծեծում են եւ տանջում: Նախկին կալանավորներից մեկը պատմել
է, որ խոշտանգումների ենթարկված բանտարկյալներն արդյունքում իրենց մեղքը
խոստովանել են նրանց մեղսագրվող բոլոր հանցագործությունների մեջ:
Իրավապաշտպանները նշում են, որ նոր խոշտանգումների մասին հայտնի է
դարձել իրենց կողմից Իրաքի կառավարությանը բանտարկյալների նկատմամբ դաժան
վերաբերմունքի մասին տեղեկացնելուց մի քանի ամիս հետո: Human Rights
Watch-ը Իրաքի իշխանություններին մեղադրել է բանտարկյալների խոշտանգումների
եւ մահվան դեպքերը հետաքննելու անընդունակության մեջ:
Առաջին փաստագրական վկայություններն այն մասին, որ Իրաքի բանակի
զինվորները խոշտանգումներ են կիրառում գրոհայիններին սատարելու մեջ
կասկածվողների դեմ, հայտնվել են 2017 թվականի հունիսին: Իրաքի
կառավարությունը խոստացել էր հետաքննություն անցկացնել, սակայն դրա
արդյունքներն անհայտ են: