71 ավտոգազալցակայաններում իրականացվել են ստուգումներ. ՊԵԿ
Պետական եկամուտների
կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման
կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ
իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև
օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների
առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները
ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:
Առանձին տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող հսկողական
միջոցառումների արդյունքում՝ ամեն օր գազալցակայաններում ֆիքսվում է
իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը,
որոնց արդյունքում մշտապես իրականացվում են համապատասխան համեմատական
վերլուծություններ, որոնցով ի հայտ եկած շեղումների վերաբերյալ կազմվում են
համապատասխան նյութեր և հետագա ընթացքը լուծելու համար տրամադրվում
հետաքննչական մարմիններին:
Իրականացվող միջոցառումների արդյունքում՝ 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ
արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և
փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են
համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:
Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման
գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին պահպանել
հարկային օրենսդրության պահանջները: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է նաև,
որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների
ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական
բնույթ: