Մհեր Գրիգորյանը պետական օպերատորի ստեղծուման մասին (տեսանյութ)
Դեմ եմ, որ պետական հիմնարկ, առավել եւս պետական օպերատոր ստեղծվի. մենք գլորվում ենք հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, կառավարության նիստում աղբահանության խնդրի քննարկման ժամանակ նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով աղբահանության խնդրի կարգավորման նպատակով պետական հիմնարկ ստեղծելու գաղափարին:
Նա դիմեց Երեւանի քաղաքապետ։ Հայկ Մարությանին. «Մենք գնեցինք մեքենաներ, հետո էդ մեքենաների բազայի վրա ստեղծելու ենք պետական հիմնարկ, որը աղբահանություն է իրականացնո՞ւմ: Շատ վտանգավոր գաղափար է, հաստատ ավելի վատ է աշխատելու, կարող եմ հենց հիմա երդվել», - ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Դեռ պետք չէ երդվել, ես ստիպված կլինեմ ըստ դրա շարժվել», - կատակեց Հայկ Մարությանը:
Քաղաքապետն ասաց, որ ուսումնասիրություն են իրականացրել ու այսօր եվրոպական բոլոր ընկերությունները հետ են վերադառնում այն մոդելին, որ համայնքը եւ պետությունը կոնկրետ տրասնպորտն ու աղբահանությունը վերցնում են իրենց վրա: «Հիմա հասկացան, որ մասնավորը հետապնդում է միայն շահույթ, իսկ ժողովրդի խնդիրներն իրենց չեն հետաքրքրում: Նույն տրանսպորտի ոլորտում, այնպես են անում, որ մեծ մասը, 50 տոկոսից ավելին լինի պետությունը: Պրահայում այդ հարաբերակցությունը70/30 է, հոգուտ պետականի: Անգլիայում 100 տոկոսն է պետությունն իրականացնում: Նույնը աղբահանության ոլորտում է: Մասնավորը կարող է ասել՝ լավ, չստացվեց, ու գնա տուն, իսկ համայնքը, պետությունը չի կարող գնալ տուն»,-ասաց Մարությանը:
Նրա խոսքով, եթե աղբահանությունը 100 տոկոսով տաս մասնավորին, մեկ շաբաթում նա կարող է ծնկի իջեցնել ոլորտը. «Դրա համար նախատեսում ենք, որ պետք է լինի համայնքային մասնակցությունը 70 տոկոսի չափով: Նույնը տրանսպորտի հարցում ենք պատկերացնում: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ հետ խոսեն սաբոտաժի լեզվով: Միշտ համայնքը պետք է վերահսկի իրավիճակը»:
Մհեր Գրիգորյանն էլ հակադարձեց. «Ես մեկ օպերատորից վախ չունեմ, որովհետեւ մեր գազ, հոսանք մատակարորղն էլ է մեկ օպերատոր: Հարցն այն է, թե հարաբերությունները ոնց են կարգավորվում: Դեմ եմ, որ պետական հիմնարկ, առավել եւս պետական օպերատոր ստեղծվի: Մենք գլորվում ենք հետ»:
Մարությանը չհամաձայնեց այս տեսակետի հետ:
Ի վերջո, կառավարությունը որոշում կայացրեց, որ հաշվի առնելով, որ ժամկետների սղության պատճառով հնարավոր չէ կազմակերպել մրցութային կարգով նոր գնման գործընթացներ, կառավարությունը հաստատեց Երեւանի քաղաքապետարանի առաջարկությունը, ըստ որի՝ աղբատար ավտոմեքենաների ձեռքբերման շրջանակում Երեւան համայնքի կողմից ապրանքների ձեռքբերումը կկազմակերպվի մեկ անձից գնման ձեւով, քաղաքապետարանը 15 աղբատար մեքենա ձեռք կբերի: