Ջոկո Վիդոդոն հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթանակի մասին: Սակայն նրա հակառակորդը նույնպես հայտարարել է, որ հաղթել է եւ բողոքել ամենուրեք կատարված կեղծիքներից, հաղորդում է AFP-ն:
Ոչ պաշտոնական տվյալները վկայում են Վիդոդոյի հաղթանակի մասին, որը մոտ 55 տոկոս է հավաքել, ինչը նրան մոտ 10 տոկոսի առավելություն է տալիս իր մրցակցի՝ նախկին գեներալ Պրաբովո Սուբիանտոյի համեմատ: Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 22-ին:
Վիդոդոն լրագրողներին ասել է, որ շնորհավորական զանգեր է ստացել 22 պետությունների ղեկավարներից, այդ թվում, Մալայզիայի վարչապետ Մահաթհիր Մոհամադից եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից: Նա նաեւ իր հակառակորդին հրավիրել է հանդիպմանը:
Վիդոդոն նաեւ կողմնակցիներին կոչ է արել սպասել պաշտոնական արդյունքներին հաղթանակը հաստատելու համար:
Սակայն նրա մրցակից Պրաբովո Սուբիանտոն ասել է, որ թիմը ընտրակեղծիքների ապացույցներ ունի: Նա պնդում է, որ ձայների 62 տոկոսն է ստացել:
2014 թվականին Պրաբովոն նույնպես հավակնում էր հաղթանակին: Նա Սահմանադրական դատարանում բողոքարկել էր ընտրությունների արդյունքները, որը հաստատել էր Վիդոդոյի հաղթանակը:
Նրա ներկայացուցիչը նշել է, որ Պրաբովոն Սահմանադրական դատարան բողոք կներկայացնի, եթե ընտրական հանձնաժողովը հաստատի Վիդոդոյի հաղթանակը: